ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԵրևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին: Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ: Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց: Հրատարակվել և վերահրատարակվել են հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը: Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները. -Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա), -Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը,պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին), -Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին), -Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական հարաբերությունների բաժին), -Հայ-քրդական առնչություններ (Հայ-քրդական առնչությունների բաժին) -Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտական բաժին), -Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին), -Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը (Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա ): Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
|