ԽԱՆԶԱԴՅԱՆ Սերո Նիկոլայի ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 3-ին, Գորիս քաղաքում: Գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1972):  Սոցիալական աշխատանքի հերոս (1984): 1990-94-ին՝ Հայ գրողների միության նախագահ: Լույս են տեսել «Մեր գնդի մարդիկ» (1950), «Հողը» (գիրք 1-2, 1954-55) վեպերը, «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Կարմիր շուշաններ» (1958) պատմվածքների ժողովածուները, «Քարանձավի բնակիչները» (1959) վիպակը: Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961, կինոնկար՝ «Հուսո աստղ», 1978) պատմավեպը՝ նվիրված հայ ժողովրդի 18-րդ դարի ազատագրական շարժմանը: Ժամանակակից մարդու ներաշխարհն են բացահայտում և ամբողջացնում Խանզադյանի պատմվածքները, վեպերը, վիպակները՝ «Կորած արահետներ», 1964, «Քաջարան», 1965, «Այրված տունը» (1965, կինոնկար՝ «Լքված հեքիաթների կիրճը», 1974), «Մատյան եղելությանց» (հեռուստաբեմադրություն՝ 1966), «Անձրևից հետո», 1969, «Ինչո՞ւ, Ինչո՞ւ», 1970, «Երեք տարի, 291 օր» (1972, ՀՀ Պետական մրցանակ՝ 1977), «Սևանի լուսաբացը» (1974): «Խոսեք, Հայաստանիլեռներ» (1976) վեպը պատկերում է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը 1915-16 թվականներին նրա հերոսական դիմադրությունը թուրք ջարդարարներին: «Թագուհին հայոց» (1978) վեպը հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիր է, «Անդրանիկ»-ում (1989) պատկերված է զորավար Անդրանիկի՝ հանուն գոյապահպանման անձնազոհ պայքարն ընդդեմ թուրքական իշխանությունների: Գարեգին Նժդեհի մասին է համանուն վեպը («Գարեգին Նժդեհ», 1993):

ՀՀ (1980-85, 1985-90), ԽՍՀՄ ժողովրդական (1989-91) ԳԽ պատգմավոր:

Ս. Խանզադյանը մահացել է 1998 թվականի հունիսի 26-ին: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:  

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Խանզադյան Ս., Շուշի, «Նաիրի» հրատ., Երևան, 1991 թ.:

Խանզադյան Ս., Մխիթար սպարապետ, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1988թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am