ՍԻԱՄԱՆԹՈ (Յարճանյան Ատոմ Հովհաննեսի). ծնվել է 1878 թվականի օգոստոսի 15-ին Ակնում (Խարբերդի նահանգ): Բանաստեղծ։ Սովորել է Կ. Պոլսի Գումգափուի Միրիճանյան դպրոցում, Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894–1896-ի հայկական ջարդերի պատճառով մեկնել է Կահիրե, 1897-ին՝ ժնև, այնուհետև՝ Փարիզ եղել է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր։ Եվրոպայում սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ։ Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորուած խաղաղութինը» (ավելի ուշ՝ «Սահուան տեսիլք»), որը հայտնի է նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898-ին՝ «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում, այնուհետև տպագրվել է «Անահիտ», «Բանբեր», «Ազատամարտ» և այլ պարբերկաններում։ Հայ երիտասարդությանն ուղղված պայքարի պատգամ էր 1902-ին լույս տեսած «Դիւցազնօրէն» ժողովածուն։ «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի հերոսը՝ նորօրյա Հայորդին, անձնավորում է Գաղափարի ու Կամքի մի հզոր Ես, որի անունը Պայքար է, իսկ ավարտը՝ Հաղթանակ։ «Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն» քերթվածներում, նկարագրելով թուրք ջարդարարների կողմից բնաջնջման ենթարկվող հայ ժողովրդի ողբերգությունը, Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը և ազատագրական պայքարի կոչել Հայորդուն։

Սիամանթոյի հետագա բանաստեղծական շարքերում ռոմանտիկական ոգևորությունը տեղի է տվել հոգեվարքի գալարումներին, բանաստեղծն անձնատուր է եղել տառապանքի խոհական վերապրումներին։ «Հոգեվարքի եւ յոյսի ջահեր» (1907) քնար, մատյանում բանաստեղծը, հոգեկան լարումներից, վրեժի ու ատելության, պայքարի ու նահատակության կրքոտ կոչերից հոգնած, գաղափարական ու գեղագիտական իր հավատամքի խորհուրդը հարաբերում է իրադարձությունների ողբերգական ընթացքին։ Ցավագին ու հակասական մտորումները հաջորդում են միմյանց, վերհուշները թրծվում են հայրենի եգերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն...»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», «Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը կրկին ձեռքը մեկնում է մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին համար»)։

1908-ին վերադանալով Կ. Պոլիս՝ ստեղծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը պատկերող «Կարմիր լուրեր բարեկամէս» (1909) շարքը։

Հայ գաղթականների կյանքն ուսումնասիրելու առաքելությամբ 1909-ին մեկնել է Ամերիկա։ Ազգահավաքման, հայրենականչի գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրաւեր» (1909) բանաստեղծ, նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված այս տասներկու կոչերում արտացոլել է որբացած, ամայացած հայրենիքի մորմոքները։

1911-ին կրկին վերադարձել է Կ. Պոլիս։ 1913-ին եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել հայկական պատմական հիշարժան վայրեր, հանդիպել գրական և հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում սկսում են տեղի տալ «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։ Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ՝ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որտեղ փառաբանել է հայոց անցյալը, իմաստավորել կամքի, արարման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», «Թող զորությունը ձեզ խոսի»)։ Հայ գրերի գյուտի համազգային տոնի առթիվ:

Սիամանթոյի «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը հերոսական օրհներգ է հայոց այբուբենը ստեղծողին։

Սիամանթոն ձև է տվել հայկական ազատաչափ բանաստեղծական տեսակին և էական գծերով հարստացրել է ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը, հայ բանաստեղծական լեզուն։ Սիամանթոն իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և խորհրդապաշտության գեղագիտական սկզբունքները։ Նրա պոեզիան որոշակի աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ։ Մահացել է 1915 թվականին: Մեծ Եղեռնի զոհ: 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ատոմ Եարճանեան (Սիամանթօ), Գրական ասուլիսներ, Գիրք 6, Կ. Պոլիս, 1913թ.։

Թամրազյան Հ., Սիամանթո, Երևան, 1964թ.։ 

Ռշտունի Հ., Սիամանթո, Երևան, 1970թ.։

Ստեղծագործություններ

Սիամանթո, Վարուժան Դ., Երկեր, <<Սովետական գրող>> հրատ., Երևան, 1979թ.

Ընտիր երկեր, Երևան, 1957թ.։

Ամբողջական գործը. Կահիրե, 1960թ.։ 

Երկեր, Երևան, 1979թ.։ 

Անտիպ երկերի ժողովածու, Երևան, 2002թ.։ 

Ընտրանի, Երևան, 2003թ.։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am