ԱԲԵՂՅԱՆ Մանուկ Խաչատուրի, ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Աստապատ գյուղում (այժմ՝ Թազաքենդ՝ Նախիջևանի Բաբեկի շրջանում): Բանասեր, բանագետ, լեզվաբան, գրականագետ։ Փիլիսոփայական (1898) և բանասիրական (1935) գիտությունների դոկտոր։ Պրոֆեսոր (1926)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Գիտության վաստակավոր գործիչ (1935)։ Մ. Մ. և Ս. Մ. Աբեղյանների հայրը։

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-85), Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում (1893-98)։

Աբեղյանը եղել է Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից, 1923-1925-ին՝ պատմագրական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ։

Աբեղյանի անվան հետ է կապվում դասական հայագիտության նոր փուլի զարգացումը։ Աբեղյան հայ նոր բանագիտության հիմնադիրն է։

1886-ին գրառել է «Սասնա ծռեր» հերոսական վեպի մոկաց նոր տարբերակը («Դաւիթ եւ Մհեր», 1889) և կատարել առաջին մասնագիտական հետազոտությունը («Ազգային վէպ», 1889-1990)։ Հետագայում վեպի նորանոր գրառումների հիման վրա ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը («Հայ ժողովրդական վէպը», 1908)։ Աբեղյանը վերականգնել է հայ հին առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների ամբողջական համակարգը և հիմք դրել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությանը («Հայ ժողովրդական հաւատալիքը», «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1899)։ Հիշյալ աշխատությունների հիման վրա Աբեղյանը գրել է «Հայ վիպական բանահյուսություն» (հրատ.՝ 1966, «Երկեր», հատոր 1) հիմնարար ուսումնասիրությունը։

Մշակել է հայ հին ու նոր քնարական բանահյուսության գիտական տեսությունը, սկզբնավորել հայ բանահյուսության գիտական տեքստաբանությունը։ Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ իրագործել է «Սասնա ծռեր» հերոսավեպի պատումների գիտական հրատարակությունը (հատոր 1-2, 1936-51), Ա. Ղանալանյանի և Գ. Աբովի աշխատակցությամբ կազմել է «Սասունցի Դավիթ» էպոսի խաղիկներ», 1940) և միջնադարյան հայրենների («Գուսանական ժողովրդական տաղեր», 1940) գիտական համահավաք բնագիրը։ Անդրադարձել է հայ գրականության սկզբնավորմանը, հայ գրական-գեղարվեստական մտքի ու դպրության զարգացմանը, պատմությանը («Հայոց հին գրականության պատմությունը» (հ. 1-2, 1944-1946)]։ 1910-ական թթ-ից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայոց լեզվի տաղաչափություն», 1933)։

Մեծ է Աբեղյանի ներդրումը հայոց լեզվի, մասնավորապես արևելահայերենի գիտական ուսումնասիրության բնագավառում («Աշխարհաբարի շարահյուսություն», 1912, «Հայոց լեզվի տեսություն», 1931)։ Աբեղյանը հայերենի նոր ուղղագրության հիմնադիրն է։

Զբաղվել է նշանավոր գրական հուշարձանների գիտական հրատարակությամբ։ Աբեղյանը մահացել 1944 թվականի սեպտեմբերի 25-ին: Նրա անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և Երևանի № 3 դպրոցը։

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Հարությունյան Ս., Մանուկ Աբեղյան, Երևան, 1970թ.։ 

Մանուկ Խաչատուրի Աբեղյան (կենսամատենագիտություն), Երևան, 1963թ.։

Աբեղյանական ընթերցումներ, ԵՊՀ հրատ., Երևան, 2016 թ.:

Ստեղծագործություններ

Երկեր, հատոր 1-8, Երևան, 1966-1985թ.։

 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am