ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի, ծնվել է 1873 թվականի մարտի 24-ին Թիֆլիսում: Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսա-րաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավոր, գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ ՀՀ խորհրդարանի (1918-20) անդամ։ 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Ռուսական հեղափոխական դեմոկրատների գեղագիտական հետևորդ էր։ Այս դիրքերից էլ արծարծել է հայ և ռուսական գրականությունների, հայոց լեզվի բազմազան խնդիրներ («Բանասէրի յուշագիրը», 1937-38, «Գրական-քննադատական երկեր», 1959, «Սայաթ-Նովայի հետ», 1966, «Պատմութիւն հայոց գրականութեան», 1944, «Ամբողջական երկեր», հատոր 1-4, 1959-1970)։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921-ին, Աղբալյանը նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930-ից ցկյանս բնակվել է Բեյրութում, եղել Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը: Ն. Աղբալյանը մահացել է 1947 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում: 

Երևանում 1991-ից գործում Է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել № 19 միջնակարգ դպրոցը, արտերկրում՝ ՀՀԴ ակումբներ։

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Անանյան Գ., Նիկոլ Աղբալյան. ընտրանի, ԵՊՀ հրատ., Երևան, 2005թ.:

Անանյան Գ., Նիկոլ Աղբալյան (կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը), Երևան, 2002թ.։ 

Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949թ.։

Խաչիկյան Յա., Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Երևան, 2003թ.։ 

Պետրոսյան Ա., Նիկոլ Աղբալյան. գրականագիտական հայացքները, Երևան, 2005թ.։

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am