ԱՐԱՔՍՄԱՆՅԱՆ (Մանուկյան) Ալեքսանդր Արմենի ծնվել է 1911 թվականի հունիսի 3-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Դրամատուրգ, արձակագիր, թատերագետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965): Սովորել է Թիֆլիսի Ս. Լիսիցյանի մասնավոր դպրոցում: 1928-ից զբաղվել է ուսուցչությամբ: 1943-67-ին աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: 1968-73-ին՝ «Էկրան» հանդեսի խմբագիր: Բեմադրվել են Արաքսմանյանի «Կոմս Էմանուել» (1936), «Հրաբխի վրա» (1942), «Վարդեր և արյուն» (1957), «Քո սրտի կրակը» (1958), «60 տարի և 3 ժամ» (1965), «Հինգ րոպե ճշմարտություն» (1980, Գ. Սունդուկյանի անվան մրցանակ, 1980), «Արիստոտելի Երկար րոպեները» (1981) և այլ պիեսները: Գրել է նաև վեպեր («Ճանապարհ դեպի Կամիշին», 1945, «Ազատությունն աքսորական», 1-2, 1954-55, «Ճամփաներ, ճամփաներ», 1964, «Հրդեհ», 1976), վիպակներ («Գյազբել լեռան գաղտնիքը», 1946, «Ոստայն», 1982), թատերագիտական երկեր («Դավիթ Մալյան», 1957, «Արուս Ասրյան», 1964, «Վարդուհի Վարդերեսյան», 1972, «Արև Բաղդասարյան», 1973, «Թատրոնի արահետներով», 1976): 

Մահացել է 1982 թվականի մարտի 12-ին Յալթայում (թաղված է Երևանում):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am