ԱՐԱՄՅԱՆ Ճանիկ (Թ. Կըկռիկյան). ծնվել է 1820 թվականին Նիկոմեդիայում: Տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս: Կ. Պոլսում աշխատել է իբրև գրաշար: 1846-ին Փոխադրվել է Փարիզ, հմտացել տպագրական գործի մեջ, 1859-ին հիմնել տպարան, տպագրել շուրջ 20 անուն գիրք: 1862-ից տպագրական գործը շարունակել է Մարսելում, 1864-ից՝ Կ. Պոլսում: Եղել է Կ. Պոլսի արքունի տպարանի տեսուչ: Տպագրել է Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Մ. Նալբանդյանի և այլոց երկերը, պարբերականներ, դասագրքեր: Ստեղծել է նոր տպատառատեսակ՝ Արամյան, որ առավել գեղեցիկ և դյուրընթեռնելի է և հեշտ շարվող: Հեղինակ է «Համառօտ բառգրքուկ հայերէն-տաճկերէն-գաղղիերէն» (1860), «Համառօտագոյն բառարան արդեան լեզուի» (1860) եռալեզվյան բառարանների, «Վաւերագիրք-խնդիր ազգային եկամտի» (1864), «Ռուսիա և ընդհանուր ժողով հայոց ի Կոստանդնոլպօլիս» (1866), «Զեյթունցիք ու լուսավորչական հայք» (1867) և այլ գրքերի: Մահացել է 1879 թվականի ապրիլի 16-ին Կ. Պոլիսում:

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
Գրկ. Թեոդիկ, Տիպ և տառ, ԿՊ. 1912, էջ 92-95: 
 
Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 203-208:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am