ԱԹԱՅԱՆ էդուարդ Ռաֆայելի. ծնվել է 1932 թվականի փետրվարի 10-ին Երևանում: Լեզվաբան, փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986-ից)։ Ռ. Ա. Աթայանի որդին։ Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1953)։ 1957-ից դասախոսել է ԵՊՀ-ում, 1969-70-ին ԵՌՕԼՄԻ-ում հիմնադրել և ղեկավարել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, 1976-82-ին՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության, 1988-96-ին՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնների վարիչ։ Աթայանի աշխատությունները վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը («Կառուցվածքային շարահյուսության հիմնական հասկացությունները և առարկան», 1968, ռուս.), արտալեզվական իրականության և մարդկային գործունեության տարբեր դրսևորումների հետ լեզվի կառուցվածքի փոխհարաբերությանը («Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը», 1976, ռուսերեն, «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը», 1981, «Լեզուն և արտալեզվական իրականությունը (գոյաբանական համեմատության փորձ)», 1987, ռուսերեն)։

Աթայանի փիլիսոփայության առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է։ Ըստ Աթայանի՝ ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկական միասնությունը հոգեբանական քննությամբ։ Աթայանի դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգային հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992, ռուսերեն, «Առողջների հիվանդությունը, անազատության բնութաբանություն և տիպաբանություն, 1997, ռուսերեն, «Հոգի ն ազատություն», 2005)։ ՀՀ Մովսես Խորենացու մեդալ։ Մահացել է 2002 թվականի հունվարի 1-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am