ԱՎԳԵՐՅԱՆ Հարություն Հայրապետի ծնվել է 1774 թվականի հունիսին Անկարայում: Լեզվաբան, բառարանագիր: Մ. Հ. Ավգերյանի եղբայրը: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1792): 1786-ին մեկնել է Վենետիկ: Տիրապետել է հունարենին, եբրայերենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին, թուրքերենին: Մեծ է Ավգերյանի ներդրումը բառարանագրության մեջ: Կազմել է «Բառարան համառօտ ի գաղղիականէ ի հայ» (1812), «Բառարան անգղիերէն եւ հայերէն» (1821), «Բառարան հայերէն եւ անգղիական» (1825), «Բառգիրք ի գաղղիականէ ի հայ ի տաճիկ բարբառս» (1840): Լեզվաբանական տեսակետից Ավգերյանի ամենալիարժեք գործը «Բացատրութիւն չափուց եւ կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ եւ Շիրակացւոյ» (1821) աշխատությունն է, որտեղ ստուգաբանել է պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ, տվել է հնում օգտագործված չափերի ու կշիռների բացատրությունը: Եղել է Ջ. Բայրոնի հայերենի ուսուցիչը և նրա հետ կազմել անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականական ձեռնարկներ: Հայերենից (գրաբար) է թարգմանել Ջ. Միլտոնի «Դրախտ կորուսեալը» (1824), հայերենից իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենախօսութիւնը» (1812), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմը» (1823) և այլն: Մահացել է 1854 թվականի նոյեմբերի 24-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Համառօտ նկարագիր Սխիթսւրեան միաբանութեան, Վենետիկ., 1819: Դաւանութիւն եկեղեցւոյն Հայաստանեայց, Վենետիկ, 1845:

Գրկ. Հանգիստ յաւիտենից տեառն հ. Յարութիւն Աւգեր վարդապետի Սխիթարեան ուխտեն, «Բազմավեպ», 1854, № 23:

Մխիթարեան յոբելեան. Վենետիկ., 1901, էշ 108-13:

Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հատոր 1, Ե., 1958:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am