ԱՎԳԵՐՅԱՆ Մկրտիչ Հայրապետի ծնվել է 1762 թվականի նոյեմբերի 11-ին Անկարայում: Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ: Հ. Ավգերյանի եղբայրը: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1786): Եղել է Մխիթարյան միաբանության խորհրդական, ընդհանուր աթոռակալ: Ավգերյանի առավել հայտնի երկերից է «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հատոր 1-12, 1810-15) աշխատությունը, որտեղ ամփոփված և լուսաբանված է «սրբերի կյանքը», տրված են բանասիրական վերլուծություններ և ճշգրտումներ: Ավգերյանի գլուխգործոցը «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարանն» է (հատոր 1-2, 1836-37, համահեղինակ): Ավգերյանը կազմել և խմբագրել է է - ֆ տառերի բառացանկը և հոդվածները, գրել է առաջաբանը և հավելվածը, անդրադարձել բառերի ստուգաբանությանը: Համառոտելով «Նոր հայկազեան բառարանը»՝ կազմել է «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846) ձեռնարկը: Լատիներենից գրաբար է թարգմանել լատին եկեղեցու հայրերի և վարդապետների գործեր, հայերենից լատիներեն՝ Հայ եկեղեցու հայրերի երկեր: Թարգմանություններից են Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց» (1842), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք» (1849) և այլ երկեր: Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Եբրայեցու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (մաս 1-2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են:

Ավգերյանը գրել է կրոնաբարոյախոսական բնույթի չափածո և արձակ երկեր: Ավգերյանի որոշ աշխատություններ («Բարի խորհուրդներ», 1809, «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան», 1810) գրված են արևմտահայերեն: Մահացել է 1854 թվականի մարտի 3-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Քրիստոնէական վարդապետութիւն ոտանաւորեւսլ առ հեշտին մտառութիւն համբակաց ..., Վնտ., 1805: 

Աղօթագիրք կարճառօտ, Վնտ.. 1832: 

Նուէր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ., 1832:

Գրկ. Հանգիստ հօր վարդապետի Մխիթարեան Աւգերեան հատոր Մկրտչի, «Բազմավեպ», 1854, № 5: 

Մխիթարեան յոբելեան, Վենետիկ, 1901, էշ 101-108: 

Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, Ե., 1958: 

Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968, էջ 121-133:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am