ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ Նորայր (Ստեփան Գազեզյան). ծնվել է 1844 թվականի մարտի 4-ին Կ. Պոլիսում: Լեզվաբան, հայագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1866): 1866–1868-ին` Վենետիկի Ռափայելյան, ապա` Քաղկեդոնի (Գադը Քյոյ) Մխիթարյան վարժարանների ուսուցիչ: 1867-ին վարել է «Բազմավեպի» տեսչությունը: 1968–1969-ին` մատենադարանապետ: 1870-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, մեկնել Փարիզ, ապա` Կ. Պոլիս, որտեղ լույս է տեսել նրա «Հայկական բառաքննութիւն…» (1880) աշխատությունը: 1882-ին մեկնել է Ստոկհոլմ: «Բառագիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն» (1884) բառարանում օգտագործել է հայ մատենագրության մեջ եղած լեզվաբան. փաստերը, կատարել ստուգաբանություններ: «Կորիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնք» (1900) աշխատությունը վերաբերում է Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի լեզվաբանական և բանասիրական քննությանը: Անդրադարձել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու և այլոց երկերին: 1921-ին «Հանդես ամսօրյայում», 1925-ին առանձին գրքով լույս է տեսել Բյուզանդացու «Քննադատութիւն Հայբուսակի» աշխատությունը, որում արժևորել և քննադատել է Ղ. Ալիշանի երկը: Բյուզանդացու շատ բառարաններ և ուսումնասիրություններ անտիպ են: 

Մահացել է 1916 թվականին Կ. Պոլիսում: 1924 թվականին աճյունը տեղափոխվել է Ստոկհոլմ: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am