ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ (Լվովցի, Իլովացի). ծնվել է Լվովում: Թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաբան: Կրթությունն ստացել է Լվովում, տիրապետել լատիներենին և լեհերենին: Տեղափոխվել է Էջմիածին, դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել վարդապետ: Կատարելագործել է հայերենի իմացությունը, մասնակցել մտավոր-գրական շարժմանը՝ վաստակելով «քաջ հռետորի», «անհաղթ փիլիսոփայի», «ներհուն թարգմանչի» համբավ:

Լեհացու առաջին հայտնի թարգմանությունը «Հայելի վարուց» (15-րդ դար) բարոյախրատական զրույցների ժողովածուն է (թրգմ.՝ լեհերենից, 1651): Նրան են պատկանում Հովսեպոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գրքի (թրգմ.՝ լատիներենից, 1660), Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու «Յաղագս երկնայնոցն քահանայապետութեան», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Յաղագս աստուածայնւոցն անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և վերոհիշյալ աշխատությունների՝ Սաքսիմոս Խոստովանողի կատարած մեկնությունների թարգմանությունները (լատիներենից, մինչև 1662, Մատենադարան, ձեռագիր № 110): Մեծարժեք է Լեհացու Արիստոտելի «Մետաֆիզիկայի» թարգմանությունը (լատիներենից, մինչև 1675), որ մեզ է հասել երկու տարբերակով (Մատենադարան, ձեռագիր № 2050. 10032): Լատիներենից թարգմանել է նաև կրոնական բնույթի մի շարք գործեր (նույն տեղում, ձեռագիր № 553, 705, 3109). առաջին ձեռագրի չափածո թարգմանությունները բանաստեղծ, փայլուն ձիրքի վկայությունն են (հատկանշական Է «Երգ ոտանաւոր Յիսուս Քրիստոս արարեալ սրբոյն Բեռնարտոսի» ծավալուն ստեղծագործությունը): 

17-րդ դարի հայ փիլիսոփայական մտքի նվաճումն է Ստեփանոս Լեհացու «Բանք իմաստասիրականք եւ աստուածաբանականք...» ծավալուն բառարանը (մինչև 1662, նույն տեղում, ձեռագիր № 110), որտեղ տրված են ժամանակի փիլիսոփայական, աստվածաբանական, հասարակական-քաղաքական, գեղագիտական, բարոյագիտական առավել կարևոր կատեգորիաներն ու հասկացությունները: Շարունակելով Դավիթ Անհաղթի ավանդույթները՝ նա նոր քայլ է կատարել Արիստոտելի փիլիսոփայության յուրացման, տարածման ու զարգացման ուղղությամբ: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ամեն ինչի արարիչ և շարժման պատճառ է համարել Աստծուն: Նրա կարծիքով՝ շարժումը հատուկ է միայն երկրային մարմիններին: Բնությունը գոյությամբ նախորդում է մարդուն, անկախ է նրա գիտակցությունից և պայմանավորում է գիտակցության գոյությունն ու բովանդակությունը: Ընդունելով հանդերձ, որ մարդկային կամքը շարժողը նույնպես Աստվածն է, Լեհացին նաև չի մերժում մարդկային կամքի դրսևորման ազատությունը: ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, իսկ առանց ճշմարտության ճանաչման մարդը չի կարող գործել: Ճշմարտությունը հարաբերական է՝ կախված կոնկրետ պայմաններից և հանգամանքներից: Հարաբերական են նաև բարոյական, հասարակական, անգամ բնական օրենքները, բայց՝ պակաս չափով: Ընդունել է ճանաչողության երեք աստիճան՝ արտաքին զգայություն (լսողություն, համ, հոտ, շոշափելիք), ներքին զգայություն (ընկալում, երևակայություն, հիշողություն, կարծիք, տրամախոհություն) և բանականություն՝ նախապատվությունը տալով բանականությանը՝ որպես կայուն և հավաստի գիտելիքի աղբյուրի: Մահացել է 1689-ին Էջմիածնում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ակինյան Ն, Ստեփանոս վարդապետ Լեհացի, ՀԱ, 1912, N" 1-2: 

Հովսեփյան Գ . Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութեան, պրակ 5, Անթիլիաս-Լիբանան, 1951: 

Չալոյան Վ Կ., Հայոց փիլիսոփայության պատմություն, Ե., 1975: 

Գրիգորյան Գ.Հ., Ստեփանոս Լեհացու փիլիսոփայական բառարանը, ՊԲՀ, 1975, № 2:

Տեր-Մկրտչյան Գ, Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք 1, Ե., 1979:

Թարվերդյան Յու. Ա.. Ստեփանոս Լեհացու փիլիսոփայական հայացքները. Ե., 1979:

Միրզոյան Հ.Ղ.. XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծութիւն, Ե.. 1983: 

Նույնի, Մի էջ Ստեփանոս Լեհացու թարգմանական գործունեությունից, «Էջմիածին». 2000, № 4:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am