Նորություններ
Տպել

 

Զեկուցող՝ Ռուբինա Փիրումեան (ԱՄՆ) Զեկուցող՝ Զբիգնև Շմուրլո (Լեհաստան)

 

2015 թվականի հոկտեմբերի 15-16 Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ համատեղ ջանքերով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. Ճանաչումից՝ հատուցում> միջազգային գիտաժողովը: «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» թեմայով երկօրյա  նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հիմնական գիտական գրադարանի Բ ընթերցասրահում և  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դալհիճում: Գիտաժողովին մասնակցում էին գրականագետներ և պատմաբաններ ինչպես Հայաստանից այնպես էլ ԱՄՆ-ից և Լեհաստանից: 

 Գիտաժողովին զեկուցումով հանդես եկավ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի աշխատակից Միհրան Մինասյանը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային արաբական գրականության մեջ: Մինասյանը հատկապես ներկայացրեց հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն լեզվով գեղարվեստական ստեղծագործությունները, խոսեց արաբ գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների մասին, որտեղ հեղինակները անդրադառնում են հայկական կոտորածներին: Նա ներկայացրեց Կիլիկիան կոտորածների անմիջական ազդեցության տակ գրված մոտավորապես 15 ստեղծագործություններ: Առանձին խոսեց արձակ վեպերի, պատմվածքների մասին, անդրադարձ կատարեց նաև թատերգություններին: Եզրափակելով ելույթը՝ Մ. Մինասյանը  փաստեց, որ ցեղասպանության թեմային նվիրված արաբ գրողների ստեղծագործությունները տպավորիչ են  թե´ իրենց որակով, և թե´ քանակով: Ժամանակն է համակողմանի և խորը ուսումնասիրելու  հայ և օտար գրողների ստեղծագործությունները նրանց ստեղծագործություններին ավելի համապարփակ  ծանոթանալու համար:

 Հիշատակության է արժանի նաև Ռուբինա Փիրումեանի «Հայոց ցեղասպանութիւնը գրականության մէջ. Երկորդ սերնդի արձագանքներ»  թեմայով զեկուցումը: Հեղինակը նշում է, որ ցեղասպանության ազդեցությունը շարունակավում է «Աղետը վերապրած ծնողներից սերած սփյուռքահայ սերունդները ժառանգել են Աղետի հիշողությունները՝ անկախ նրանից, թե նրանք ինչպես են ընկալել ծնողի աղետալի անցյալը, անկախ նրանից թե իրենք՝ վերապրող ծնողները, ինչպես են վարվել իրենց  այդ անցյալի հետ. արդյոք զավակներից գաղտնի են պահել, թե պատմել են ու անդադար խոսել այդ մասին»: Ըստ զեկուցողի բոլոր պարագաներում ծնողի ողբերգական անցյալը իր հոգեբանական ազդեցությունն է թողել ընտանեկան հարաբերությունների վրա, իսկ երկրորդ սերնդի գրականության ներկայացուցիչները օգտագործում են այն բոլոր գեղարվեստական միջոցները աշխարհին փաստելու համար, թե այն, ինչ պատահեց 1915-ին, ցեղասպանություն էր:  

 Զեկուցումներ կային նաև ցեղասպանության սոցիալ-հոգեբանական հետևանքների (ընտանեկան պատմության) մեթոդի կիրառման բացահայտման վերաբերյալ: Լիլիթ Գրիգորյանը իր զեկույցում ներկայացրեց Հայոց ցեղասպանության արտացոլումը ինչպես ֆրանսահայ, այնպես էլ ֆրանսիացի գրողների ստեղծագործություններում: Զեկույցում ներկայացրեց Անատոլ Ֆրանսի, Պիեռ Քիյարի, Ալբեր Վանդալի, հրապարակային ելույթները, հոդվածները,  որտեղ հեղինակները դիմում են Եվրոպայի հասարակությանը՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ հայերի դեմ գործադրվող բիրտ ուժի և կամայականություններին: Անդրադարձ կատարվեց նաև Անրի Վեռնոյի, Վահե Քաչայի, Շահան Շահնուրի ստեղծագործություններին՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ըստ զեկուցողի՝ սփյուռքահայ գրականության թեման եղավ և մնաց հայության ճակատագրի քննությունը, նրա անցած և ներկա կյանքի պատմությունը: 

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am