Սույն թվականի մարտի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի ղեկավար Հրաչիկ Բայրամյանի թարգմանությամբ լույս տեսած «Բիբլիական երեք նովել» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը տպագրվել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դեսպանատան ավագ խորհրդատու Նինո Ափցիաուրին և այլ հյուրեր: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշեց, որ այն նախ և առաջ օգնում է հայ ընթերցողներին հաղորդակից դառնալու վրաց ժամանակակից գրականության նմուշներին: «Գիրքը ունի կարևոր առաքելություն, քանի որ ներկայումս երիտասարդների շրջանում կա մեծ հետաքրքրություն վրաց ժամանակակից գրականության նկատմամբ: Եվ ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժինը այս կերպ հայ ընթերցողին հաղորդակից է դարձնում վրաց մշակույթին, գրականությանը, նման ձևով փորձելով նպաստել դրա տարածմանը»,-նշեց Ա. Սիմոնյանը:

Իր հերթին խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: «Հայ և վրաց ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամություն: Այս գրքի հրատարակությունը նշանակալից քայլ է հայ և վրաց ժողովուրդների մշակութային մերձեցման առումով» - նշեց դեսպանը: Հատկանշական է այն փաստը, որ գրքի հրատարակությունը համընկել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: 

Այնուհետև, հեղինակը ներկայացրեց հրատարակված գիրքը: «Գեղարվեստական թարգմանությունը միջմշակութային կարևորագույն գործոններից է, երկխոսության լավագույն ձևերից մեկը: Փոխիմացության արդյունքում երկուստեք հարստանում է ժողովուրդների գրականությունը, արվեստը, հոգևոր կյանքը առհասարակ»,- նշեց Հ. Բայրամյանը:

Նշենք, որ Հ. Բայրամյանը թարգմանել և առանձին գրքերով հրատարակել է վրաց հանրաճանաչ գրողների երկերը, վրաց դասական և ժամանակակից հեղինակների 100-ից ավելի պատմվածքներ և նովելներ, որոնք թարգմանվել և տպագրվել են Երևանի և Թբիլիսիի հայկական գրական տարբեր հանդեսներում: «Թարգմանելով վրացական ինքնատիպ գրականությունը այդ ժողովրդին մոտեցնում ենք մեզ, մենք էլ մոտենում ենք նրան: Այդպես հարստացնում ենք ոչ միայն մեր մշակույթի գանձարանը, այլև մեր ներաշխարհը» - նշեց հեղինակը: 

Դեսպանատան և համալսարանի ներկայացուցիչներն ընդգծեցին երկու ազգերի երիտասարդ սերունդների միջև հարաբերությունների խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին աշխատանքներ տանել երկկողմանի շփումների առավել ակտիվացման ուղղությամբ: